«Ուրվական» աշխատանքի հայտարարություններ
Համակարգչային ծրագրավորման ոլորտի ներկայիս միտումները դիտարկելիս տեսնում ենք, որ խոշոր լեզվական մոդելների (ԽԼՄ) * տարածվելու, բազմանալու ու...
Համակարգչային ծրագրավորման ոլորտի ներկայիս միտումները դիտարկելիս տեսնում ենք, որ խոշոր լեզվական մոդելների (ԽԼՄ)* տարածվելու, բազմանալու ու դրանց շուրջ բարձրացված ամենուր հասնող աղմուկի արդյունքում կանխատեսելիորեն առաջին հարվածը հասցվեց ծրագրավորման սկսնակ և միջին, իսկ շատ դեպքերում նաև ավագ մասնագետներին։ Ըստ բազմաթիվ կանխատեսումների այսպիսի ճակատագիր սպասվում է նաև իրավաբանական, ֆինանսական, առողջապահական ոլորտների մասնագետներին, խորհրդատուներին, կոնտենտ արտադրողներին և նույնիսկ ստեղծագործ անհատներին։
Ձևավորված իրավիճակում տնտեսության մեկ ոլորտում աշխատուժի պահանջարկը կտրուկ նվազել է ու առաջացել է մասնագիտական որակավորում ունեցողների ավելցուկ։ Սակայն այս իրականության և դեռևս ներկայացվող պատկերի միջև խզվածք կա․ պատկերը տպավորություն է ստեղծում, թե դեռևս ոչինչ այդպես կտրուկ չի փոխվել։ Աշխատանքի որոնման հարթակներում բազմաթիվ հաստիքների հայտարարություններ կան, բայց այնուամենայնիվ դրանք չեն համապատասխանում իրական թափուր աշխատատեղերի: Դրանք մեծ մասամբ «ուրվական» աշխատանքի հայտարարություններ են (“Ghost” Job Postings)։ Հիմնական հարցադրումն է՝ արդյո՞ք այս ամենը կապված է արդեն իսկ մարդկային աշխատանքը փոխարինող արհեստական բանականության (ԱԲ) գործիքների ներդրման հետ, և եթե այո, ապա ինչո՞ւ է շուկան ներկայացնում այլևս գոյություն չունեցող պահանջարկ։
Ի՞նչ են ներկայացնում «ուրվական» աշխատանքի հայտարարությունները
Աշխատանքային հայտարարությունը տվյալներ հավաքելու միջոց։
Դիմորդների անձնական տվյալները կարող են օգտագործվել տարբեր նպատակներով՝ «գնահատել թեկնածուների հնարավոր բազան ապագա աշխատատեղերի համար կամ հավաքագրել ինքնակենսագրականներ՝ հետագայում աշխատանքի ընդունելու նպատակով» [1], կամ նույն նպատակով վաճառվում կամ փոխանցվում են երրորդ հետաքրքրված կողմին։ Հնարավոր է նաև կեղծ հարցազրույցների միջոցով հավաքվեն այլ տվյալներ․ օրինակ՝ դիմորդի փորձի ուսումնասիրության արդյունքում տվյալներ հավաքագրվեն նրա նախկին գործատուների աշխատանքային գործընթացների մասին, կամ տեխնիկական առաջադրանքների միջոցով ստացվեն բիզնես գաղափարներ, գաղափարի իրականացման մոտեցումներ, հեղինակային իրավունքով պաշտպանված տեղեկատվություն և այլն [2]։
Աշխատանքային հայտարարությունը խաբեության և զեղծարարության միջոց։
Նախկինում տարածված բազմատեսակ խաբեությունների կողքին [3] ի հայտ է եկել նոր տեսակի՝ մասնավորապես ծրագրավորողներին ուղղված խաբության տեսակ [4]․ զեղծարարները ներկայանում են որպես հաստատված ընկերության հավաքագրող կամ նոր սկսող ստարտափ։ Սկզբնական հաղորդակցության հաստատումից հետո նրանք դիմորդին ուղարկում են թեստային ռեպոզիտորիա ու առաջարկում այն կլոնավորել՝ այսինքն նախագիծը ներբեռնել իր համակարգչի վրա որևէ տեխնիկական առաջադրանք կատարելու համար՝ կոմպոնենտ ավելացնել, բագ ֆիքսել կամ պարզապես դեբագ անել որևէ խնդիր։ Դա կարող է շատ հիմնավոր պահանջ թվալ դիմորդի տեխնիկական ունակությունները ստուգելու համար։ Բայց առաջին հայացքից վավեր ռեպոզիտորիան գործարկելու կամ աշխատանքային վիճակի բերելու համար նախատեսված սկրիպտները կողմնակիորեն ակտիվացնում են վնասակար ծրագիր, որը հիմնականում թաքցված է լինում կոնֆիգուրացիոն ֆայլերի մեջ [2], [5]։
Աշխատանքային հայտարարությունը ընկերության այցեքարտի ու գովազդի դեր կատարող։
Ակտիվ հավաքագրումը պոտենցիալ ներդրողների աչքերում ընկերության աճի ցուցանիշներից մեկն է [1]։
Դասական կապիտալիստական տնտեսական հարաբերություններում ընկերությունները շուկայում աճող դիրք գրավելու համար պետք է առաջարկեն նոր լուծումներ, ակտիվ ինտեգրացիաներ կամ արտադրության ծավալների մեծացում, նոր հաճախորդների ներգրավում։ Նոր լուծումների մշակումը և արտադրության ծավալների ընդլայնումը կարող են պահանջել լրացուցիչ աշխատուժի ներգրավում։ Աշխատուժի ներգրավման համար կատարվում է ակտիվ հավաքագրում այդ թվում թափուր հաստիքների հայտարարությունների միջոցով։ Մինչդեռ սպեկուլյատիվ կապիտալիզմի ժամանակաշրջանում ընկերության համար առաջնայինը ոչ թե իրական արդյունք ապահովելն է, այլ այդպիսի արդյունք ներկայացնելը․ իրականությունը կարելի է փաթեթավորել ցանկացած ակնկալվող և ցանկալի պատկերի տակ, ուր պատկերը ավելի իրական է, քան այն ինչ պատկերվում է, ցուցանիշն ավելի իրական է, քան այն ինչ հաշվարկվում է։ Հետևաբար դասական սխեման ուղղակի գլխիվայր շրջվում է․ օրինակ՝ ստարտափ ընկերությունը ներդրողներին գայթակղելու համար պատկերում է ակնկալվող աճի բարձր տեմպեր, որը հիմնավորվում է այդ թվում նոր աշխատակիցների հավաքագրմամբ, բարձր տեմպերի խոստումը ապահովում է ներդրումներ, նոր ներդրումները ապահովում են բաժնետոմսերի գնի աճ, աճող բաժնետոմսերը գրավում են նոր ներդրողների։ Փաթեթի վրա գրված է «արագ աճող ընկերություն», սակայն փաթեթավորված տուփը դատարկ է։ Նոր աշխատակիցների հավաքագրման գործընթացը գործնականում կարելի է անվերջ հետաձգել, քանի որ իրական հավաքագրման կարիք չկա, իսկ հավաքված մասնագետների տվյալների կարելի է պահել ապագայում անհրաժեշտություն առաջանալու դեպքում օգտագործելու համար։
Իրական թափուր հաստիքի հայտարարությունը շատ դիմորդների համար ևս վեր է ածվում «ուրվական» հայտարարության, քանի որ նրանք չեն ստանում ոչ մի արձագանք, մրցակցության և որակավորված աշխատուժի ավելցուկի պատճառով։
Իրականում առկա աշխատանքային հաստիքի համար ձևավորված պահանջարկը ուղղակի ահռելի է։ Յուրաքանչյուր իրական, թե կեղծ հաստիքի համար կան հարյուրավոր դիմողներ: Սա բազմաթիվ մարդկանց ակտիվորեն աշխատանք փնտրելու ուղղակի ցուցիչ է։
Այս պարագայում գործնականում անհաղթահարելի մրցակցությունից (1/100-ից ցածր հավանականություն) բացի մեկ այլ խնդիր է առաջանում․ հավաքագրողները, ֆիզիկապես անկարող լինելով մի քանի օրում հարյուրավոր ինքնակենսագրականներ կարդալ, առաջնային գնահատական տալ ու նախնական հարցազրույցներ անցկացնել, դիմորդների ինքնակենսագրականների նախնական գնահատումն ու ընտրությունը կարող են իրականացնել ծրագրային գործիքների, այդ թվում՝ ԽԼՄ-ների միջոցով։ Որոշ ընկերություններ կիրառում են ԽԼՄ-ով իրականացվող հարցազրույցների մի քանի փուլեր։ Ստացվում է՝ դիմորդը բազմաթիվ մեքենայացված պրոցեսների միջով պետք է անցնի, մինչև հնարավորություն ստանա իրական մարդու հետ առցանց հանդիպման։ Դիմորդները գնահատվում են իրենց «ինքնակենսագրականում» աշխատանքային փորձի տարիների, որևէ հմտության կամ նեղ նշանակության գործիքի տիրապետելու նշումների առկայությամբ կամ բացակայությամբ։ Աշխատանքային փորձի «ինքնակենսագրականը» ևս իրականության փաթեթավորում է, ցանկալի պատկեր։ Այսպիսով ապամարդկայնացումը նոր տեսք է ստանում, երբ մարդու նմանօրինակ օբյեկտիվացումը կատարվում է ծրագրային միջոցներով և ԽԼՄ գործիքակազմով։
Կարելի է եզրակացնել, որ մեր դիտարկած երեք «ուրվական» հայտարարությունների կատեգորիաներն անմիջականորեն ԱԲ-ի առկայության խնդրին առնչված չեն, սակայն մյուս կողմից կարելի է այս առաջին երեքի առաջացման պատճառը գտնել հենց չորրորդի մեջ։ Այսինքն՝ ծրագրավորման ոլորտի աշխատուժի պահանջարկի կրճատումը ԽԼՄ-ների ներդրման պատճառաբանությամբ, դաշտ է ստեղծել սպեկուլյատիվ խաղացողների և խարդախությունների բազմապատկվելու համար։ Որակավորել «ուրվական» աշխատանքի հայտարարությունները որպես մասնավոր շեղումներ, կնշանակի դասակարգել դրանք որպես բացառություն և անտեսել դրանց սիստեմատիկ բնույթը, հատկապես տեխնոլոգիական ընկերությունների վենչուրային կապիտալի ներդրողներին շահագրգռելու դեպքում։
Հետևաբար ճիշտ է պնդումը, որ թափուր հաստիքների պատկերը չի ներկայացնում իրական առաջարկ, և աշխատուժի պահանջարկը իրոք զգալիորեն կրճատվել է։ Ուրեմն ինչ-որ տեղ մարդկանց փոխարինումը մեքենաներով արդեն ընթացքի մեջ է, սակայն մեզ նաև հետաքրքրում է, թե ինչպես և ինչու է դա ֆինանսատնտեսական շարժառիթներով չափազանցվում։
Ակնառու է, որ այսօր գրեթե բոլոր ծրագրավորման ոլորտի մասնագետները համակարծիք են, և համընդհանուր ընդունվում է տեսակետը, որ եթե նույնիսկ ոչ այսօր ապա մոտ ապագայում, դասական ձևով ծրագրային կոդ գրելու հմտությունը պետք է ամբողջությամբ փոխանցել արհեստական բանականությանը։ Բայց մի՞թե ԱԲ-ն լուծելու է ծրագրավորման խնդիրը, և այլևս ծրագրավորողների կարիք չկա։ Խնդիրն այդքան էլ միանշանակ չէ իհարկե, և մասնագիտական քննարկումներում կարելի է վեր հանել բազմաթիվ հին դեռևս չլուծված խնդիրներ, որոնք դեռևս հասանելի չեն ԱԲ-ին և ԽԼՄ գործիքների ներդրման հետևանքով նոր առաջացող խնդիրներ:
Ինչպես արդեն քննարկել ենք, տեխնիկական խնդիրներից զատ կա նաև հարցի տնտեսական կողմը։ Եթե մի քանի տարի հետ գնանք, կտեսնենք, որ մեծ տեխնոլոգիական ընկերություններում և ստարտափներում աշխատակիցների զանգվածային կրճատումները (layoff) սկսվել են դեռևս 2022-ի սկզբում և շարունակվում են մինչև այսօր [6]։ Այդ կրճատումները տեղի ունեցան նախկինում կատարված գերհավաքագրման (չափից շատ աշխատակիցների աշխատանքի ընդունում), նախկինում վենչուրային կապիտալի գերուռճացված ներդրումների նվազման և ընդհանուր մակրոէկոնոմիկական պայմանների վատթարացման՝ ինֆլյացիայի և վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճի, տնտեսական ակտիվության անկման համատեքստում։ Մինչդեռ ChatGPT-ն առաջին անգամ հանրությանը ներկայացվեց ավելի ուշ՝ 2022-ի նոյեմբերին [7], և այն ժամանակ ԽԼՄ-ները դեռևս հեռու էին ծրագրավորման բարդ խնդիրներ լուծելու կարողությունից։
Դասական իմաստով աշխատակիցների կրճատումները նշան են ընկերությունում խստագույն խնայողության (տնտեսման) քաղաքականության, որը իր հերթին ճգնաժամի կամ ստագնացիայի պատասխան է։ Աճի տեմպերի դանդաղումը և լճացումը տեխնոլոգիական ընկերությունների ու ստարտափների պարագայում հանգեցնում է ներդրումային հոսքերի դադարեցման, քանի որ վենչուրային կապիտալը ներդրումներ կատարում է ոչ թե շահաբաժիններ ստանալու համար այլ բաժնետոմսերի գնի սրընթաց աճի և ընկերության մեջ իր կապիտալի մասնաբաժնի արժեքի աճի ակնկալիքով։ Եվ ահա, ԽԼՄ-ների ծրագրային կոդ գրելու կարողությունը և դրա շուրջ բարձրացած աղմուկն ու գովազդը հնարավորություն տվեցին տեխնոլոգիական ընկերություններին խնայողության քաղաքականությունը և կրճատումները քողարկել կառուցվածքային տեղաշարժերի ներքո․ ոչ թե կրճատում, այլ փոխարինում արհեստական բանականությամբ։ Սա դարձավ նոր փրկօղակ առնվազն ֆոնդային բորսաներում բաժնետոմսերի գնի դրամատիկ անկում չգրանցելու համար, գուցե նաև ակնկալվող աճի պրոյեկցիա կառուցելու և նոր ներդրումներ գրավելու համար։
Այստեղ պետք է նկատի առնել մեկ այլ կարևոր հանգամանք․ կապիտալիզմի մակրոտնտեսական համակարգը իր էությամբ հիմնված է շարժի և շրջանառության վրա։ Նոր ներդրումների և նոր ֆինանսական հոսքերի դադարեցման պարագայում վնասները կրում են ոչ միայն ներդրումների կարիք ունեցող բիզնեսները այլև ֆինանսական կապիտալի տիրապետողները։ Եթե բիզնեսները զրկվեն իրենց համար այդքան կենսական արտաքին ներդրումներից (բաժնետոմսեր, պարտատոմսեր, վարկեր, վենչուրային կապիտալ), կկորցնեն ընդլայնման համար անհրաժեշտ հենարանը, ֆինանսական շուկաներում բաժնետոմսերի և պարտատոմսերի առևտուրը կսառի և կհանգեցնի այլ ֆինանսական գործիքների իրացվելիության անկմանը։ Տնտեսական լճացման և բարձր ինֆլյացիայի արդյունքում մեծ վնասներ կկրեն նաև պասիվ ֆինանսական ակտիվների կրողները։
Հետևաբար ֆինանսական կապիտալը խստագույն կարիք ունի աճող և վստահելի տնտեսությունում ներդրումներ կատարելու։ Իսկ եթե այդ աճն ու վստահելիությունը հողի վրա առկա չեն, դրանք կարելի է արտադրել մեդիայի, գաղափարախոսության, քարոզչության, կեղծիքի, պարտադրանքի շնորհիվ։ Սա ինչ-որ առումով փոխշահավետ պատրանք է։ Սպեկուլյատիվ ֆինանսների համար բավարար են տեխնոլոգիական «բեկումնային ձեռքբերման» շնորհանդես, խոստում կամ սոցիալական հարթակներում մեկ հրապարակում։ Ֆինանսական շուկաները արձագանքում են ոչ թե իրական նյութական պայմաններին, այլ այդ պայմանների ներկայացմանը այլ խաղացողների սպասվելիք արձագանքներին։
«Ուրվական» աշխատանքի հայտարարությունների դիտարկումը բացահայտում է, ոչ թե մասնավոր խաբեությունների սխեմա, այլ ի ցույց է դնում ավելի խորքային խնդիր, թե ինչպես են այսօր տնտեսական հաստատությունները չափում տնտեսական ակտիվությունը, աճը և արժեքը։ Տեղի է ունենում տեխնոլոգիական տեղաշարժ, ինչի հետևանքով շատ աշխատանքի ձևերում տեխնոլոգիական գործիքները այսօր արդեն փոխարինում են մարդկանց, սակայն այս ամենի հետ պետք է նաև նկատել, որ քաղաքական և տնտեսական տեղաշարժերը և որոշումները քողարկվում կամ արդարացվում են «տեխնոլոգիական առաջընթացի» լայն հովանոցի տակ, և դեռևս բարդ է պնդել, թե դրանցից որն է շարժիչը և որը կցորդը. նրանք շարժվում են ձեռք-ձեռքի տված։ Կապիտալիզմն ու տեխնոլոգիաները փոխադարձաբար իրար սնուցող համակարգեր են, որոնցից մեկի նորովի փոխակերպումը, մյուսի համար խաղարկելու ընդարձակ տիրույթ է ստեղծում։
Գրականության ցանկ․
1. ԱՄՆ Կոնգրեսի զեկույց. «Ուրվական աշխատանքային հայտարարություններ» Congress.gov, 25 ապրիլ 2025թ․, https://www.congress.gov/crs-product/IF12977
2. ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրո. «ՀԴԲ-ն զգուշացնում է, որ կիբերհանցագործները կեղծ աշխատանքային հայտարարություններ են օգտագործում՝ թիրախավորելու դիմորդների անձը նույնականացնող տվյալները», FBI.gov, 21 ապրիլ 2021թ․, https://www.fbi.gov/contact-us/field-offices/elpaso/news/press-releases/fbi-warns-cyber-criminals-are-using-fake-job-listings-to-target-applicants-personally-identifiable-information
3. «Աշխատանքի հետ կապված խարդախություններ | Խորհուրդներ սառողներին», FTC Consumer Advice, consumer.ftc.gov, մարտ 2023թ․, https://consumer.ftc.gov/articles/job-scams
4. «Ծրագրավորողներին թիրախավորող նոր խաբեություն», Landing.Jobs, 2 հուլիս 2026թ․, https://landing.jobs/blog/the-new-scam-targeting-developers
5. ՀՀ ՆԳՆ Ոստիկանություն. «ՀՀ ոստիկանության կիբերանվտանգության բաժնի զգուշացումը անհայտ աղբյուրից գովազդվող աշխատանքի առաջարկների մասին», police.mia.gov.am, 2026թ․, https://police.mia.gov.am/cybersecurity
6. Լի, Ռոջեր. «Տեխնոլոգիական ոլորտում աշխատատեղերի կրճատումները 2020 թվականից ի վեր», Layoffs.fyi - Tech and Startup Layoff Tracker, 2026թ․, https://layoffs.fyi/
7. OpenAI. «Ներկայացնում ենք ChatGPT‑ն», ChatGPT, 30 նոյեմբեր 2022 թ., https://openai.com/hy-AM/index/chatgpt/
* Արհեստական բանականություն (Artificial intelligence, AI, այսուհետ՝ ԱԲ) ասելով հասկանում ենք համակարգչային ծրագրերի լայն շրջանակ, որոնք կարողանում են նմանակել մարդկային մտածողության ձևերը, կարող են իրագործել առաջադրանքներ կապված տրամաբանության, ճանաչողության, խնդիր լուծելու, որոշում կայացնելու հետ։ Այդպիսի ծրագրերի շարքին կարող են դասվել ինքնակառավարվող մեքենաները, շախմատային շարժիչները, ժամանակակից երթուղիների կառուցման ալգորիթմենրը, նկարների ճանաչումը և այլն։ Վերջին շրջանում խոշոր լեզվական մոդելները (Large language model, LLM, այսուհետ՝ ԽԼՄ), որոնք ԱԲ-ի թերևս ամենաարագ աճող ու զարգացող ենթատեսակ են, նույնացվում են ընդհանրապես ԱԲ-ի հետ և այս եզրերը կիրառվում են փոխարինաբար։ Այստեղ կկիրառենք ԽԼՄ եզրը երբ խոսքը հենց ԽԼՄ-ների մասին է, իսկ ԱԲ կօգտագործենք ավելի լայն կոնտեքստում։
